Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր
մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու
մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց
կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց
պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց
հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից
իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն
իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ
դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ
ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր
անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես
իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով
ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած
մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ
իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝
ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց,
որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր
սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը
հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք
չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
Առաջադրանքներ
1.Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

2.Հեքիաթից գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

3.Հեքիաթից դուրս գրի՛ր առարկա ցույց տվող բառերը, նրանց
հատկանիշ ցույց տվող բառեր ավելացրու՛ և
բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի
երիտասարդ):