Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության համաձայն՝ կրթահամալիրը փորձարարական-հետազոտական, հանրակրթական հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն է։ Եվ, որպես այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների փորձարարական-հետազոտական միավորում, 2022-2023 ուտարվանից սկսում է «Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման» գործընթացը՝ ներկայացնելով ուսուցչի կամավոր ատեստավորման կրթահամալիրի այլընտրանքը։
Առաջին քայլով կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան մշակել-հրապարակել է կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն իրականացնող մանկավարժական աշխատողի ատեստավորման կազմակերպման, անցկացման և դրա արդյունքում դրույքաչափի փոփոխության և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը, ըստ որի գնահատվում է վերջին երեք տարում հայտատուի մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում փոփոխվում է նրա դրույքաչափը և տրամադրվում է հավելավճար։
Երկրորդ քայլով մանկավարժության կենտրոնը կրթահամալիրի կայքում հրապարակել է հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման հայտարարությունը, հայտի ձևը և այն առանցքային պահանջները, որոնց շրջանակում հայտատուն ստեղծում, բլոգում հրապարակում է վերջին երեք տարվա իր մանկավարժական գործունեության մասին տեղեկությունների փաթեթը։
Իսկ հայտը լրացնելուց հետո հայտատուն 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումը։