Նախագծի ժամկետը՝ Նախապատրաստական փուլ մեկ շաբաթ
Օրը՝ 3.11.2023
Ժամը՝ 12:00
Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ
Վայրը՝ Արևմտյան դպրոցի խոհանոց-լաբորատորիա
Նախագծի նպատակն ու խնդիրները
- Նախագծի ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
- Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Գործունեության ընթացքը
Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի։
Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը: Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Մինչ թթուդրիկին անցնելը թթվի բաղադրատոմսեր ենք հավաքում, հրապարակում: Միասին անհրաժեշտ գնացուցակ ենք կազմում: Սովորողները բաժանվում են խմբերի, որտեղ յուրաքանչյուր խումբ ստանում է կոնկրետ հանձնարարություն: Մի խումբը կարող է մուտքագրել թթուդրիկի համար անհրաժեշտ պարագաների ու մթերքի (բանջարեղենի) ցանկը: Կարող են առանձին ցուցակներ կազմել կգ-ով, հատով, տուփով գնվող ապրանքների համար: Մյուս խումբը հաշվում է անհրաժեշտ գումարի չափը: Առևտրից հետո կարող են համեմատել առևտրից առաջ ու հետո կազմված գնացուցակները, համեմատել դրանք, գտնել տարբերությունները: Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ ենք ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը: Թթուդրիկի թեման շարունակվում է լեզվագործունեության ընթացքում: Ռոդարիական հնարքների կիրառմամբ սովորողները հորինում են թթվային ասելուկներ, հանելուկներ, շուտասելուկներ, ամենաանսպասելի պատմություններ։ Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտենք, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն: Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին։ Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր՝ աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով: Խաղում ենք նաև տարբեր խաղեր բանջարեղեններով։ Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշոփելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրաների մեջ:
Ամփոփում՝ Հետաքրքիր փաստեր բանջարեղենների մասին