Սեպտեմբեր ամսվա ընթերցանության նյութեր

Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»
Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…

Շաբաթվա հեքիաթը՝
Հովհաննես Թումանյան «Երկինքը փուլ է գալիս» 

Հ. Թումանյան  ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Հ. Թումանյան

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

 

Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ  չի գալիս:

Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Ա․ Խնկոյան <<Մեղուն>>

Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Հոբոս Ապեր «Պապն ու շաղգամը»

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց:

Պապը կանչեց

Տատիկին.

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Տատը կանչեց

Թոռնիկին,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Շունը կանչեց

Փիսոյին.

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց

Մկնիկին.

Մուկը` փիսոյից,

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Հանեցին:

 

Հովհաննես Թումանյան «Ծիտը»

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *