«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ուսումնական բաղադրիչներ (2023-24 ուս. տարի)

Մայրենի լեզու

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
  • բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
  • բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
  • ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
  • վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
  • լեզվական տարրական գիտելիքների յուրացում:

Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝

  • անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները.
  • կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
  • զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:

Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`

  • ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:

  • Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:

Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ,  ֆոտոշարքով ներկայացնելու:

  • Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:

Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում`  էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, One Drive-ի, մեդիագրադարանի,  դասարանական բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:

Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը: Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության զարգացմանը:

Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`

Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:

Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:

Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:

Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը:

Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:

Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական», «Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:

Երրորդ դասարանցին պիտի կարողանա`

Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն ավելանում են: Ավելանում է ավելի շատ
ինքնուրույն աշխատելու չափաբաժինը, որի ընթացքում սովորողը կատարելով լեզվական
հայտնագործություններ՝ ձեռք է բերում լեզվական նոր հմտություններդառնալով ավելի գրագետ: Դրան մեծապես նպաստում է իր հիմնականում գրավոր (նաև բանավոր) խոսքը խմբագրելուն ու շտկելուն ուղղված աշխատանքները:

  • Ներկայանալ (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, բնութագրել իրեն, նկարագրել, ներկայացնել նախասիրությունները…)
  • Նկարագրել իր միջավայրը, մարդկանց, նյութերը.
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի վերաբերյալ կարծիք հայտնել
  • Պատմել բնության երևույթների մասին, դրանք նկարագրել
  • Բանավոր ներկայացնել կատարած բնագիտական և այլ փորձերը, ինքնուրույն կարճ հարցազրույց վարել անհրաժեշտ թեմայով
  • Խմբի հետ պատմություն հորինել, շարունակել ընկերների հորինածը
  • Հորինել և գրել ասելուկներ, հանելուկներ և պատմություններ
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը (ռոդարիական հնարքների կիրառում)
  • Կարդալ առաջադրանքը, հասկանալ և կատարել
  • Կարդալ է 6-7 նախադասությամբ տեքստը և հասկանալ
  • Գտնել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները
  • Խմբավորել տրված բառերն ըստ հատկանիշների
  • Կազմել բարդ և ածանցավոր բառեր
  • 4-5 նախադասությամբ կապակցված խոսք կառուցել
  • Ելնելով սեփական կենսափորձից դատողություններ անել կարդացածի վերաբերյալ.դատողություններ անել կարդացածի վերաբերյալ.
  • Ինֆորմացիա հաղորդել հասու բոլոր միջոցներով.
  • Ինֆորմացիա հավաքել և գրանցել.
  • 2-3 նախադասությամբ գրավոր լրատվություն պատրաստել դասարանական, դպրոցական
  • իրադարձության մասին.
  • Շնորհավորական բացիկներ, հրավիրատոմսեր պատրաստել, 3-4 նախադասությունից
  • կազմված ( նաև էլեկտրոնային) նամակներ գրել
  • Բանավոր և գրավոր հստակ, հասկանալի արտահայտել մտքերը.
  • Կարդալ (մտքում և բարձրաձայն) և հասկանալ կարդացածը.
  • Գրավոր և բանավոր համառոտել և ընդարձակել կարդացածը.
  • Մեկ-երկու նախադասությամբ բնութագրել ստեղծագործության կերպարներին և
  • պատճառաբանել իր կարծիքը.
  • Գրածը խմբագրելու առաջին փորձերն անելավելորդ բառերը հանել, շտկել սխալ կազմված անհարթ նախադասությունը
  • Հասկանալ և գործածել այն բառերը, որոնց իմաստը բացատրված է դասագրքում
  • Տրված թեմաներով ստեղծագործական և նկարագրական շարադրություններ գրել
  • Օգտվելով տեղեկատվական աղբյուրներից (ինտերնետ, բառարան, գրքեր, լրատվամիջոցներ) տեղեկատվական նյութ ստեղծել կատարված իրադարձության, դեպքի, միջոցառման, ուսճամփորդության մասին.
  • Հարցաշար կազմել և հարցազրույց վարել :
  • Տեքստը վերարտադրել տարբեր դեմքերով (հերոսների, իր, հեղինակի, անտեղյակ կամ
  • լավատեղյակ մեկի… անունից).
  • Թվարկել հերոսներին, նկարագրել և բնութագրել նրանց.
  • Ծանոթ տեքստից դուրս գրել կամ տեքստում նշել փոխաբերությունները, անծանոթ բառերը,
  • դարձվածքները, առածները և այլն.
  • Մեկնաբանել, այլ բառով փոխարինել հանդիպած արտահայտությունները, բառերը,
  • բառակապակցություններն ու դարձվածքները:

Մաթեմատիկա

  • Ուսումնասիրել բազմանիշ թվերը, գործողությունները դրանց հետ, գործողությունների հատկությունները և ցույց տալ կիրառության օրինակներ, ծանոթացնել թվագրության ոչ դիրքային համակարգերի հետ, շարունակել ծանոթացումը երկրաչափական պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, գաղափար տալ դատողության, ալգորիթմի, տվյալների, դրանց ստացման և մշակման մասին, ձևավորել գիտելիքներ և կարողություններ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ:
  • Բազմանիշ թվեր, թվագրության ոչ դիրքային համակարգեր
  • Քառանիշ թվեր:
  • Հնգանիշ և վեցանիշ թվեր:
  • Բազմանիշ թվի գրելը (թվանշաններով և տառերով) և կարդալը:
  • Աղյուսակների օգտագործումը բազմանիշ թվերը գրելու համար:
  • Թվային դասեր:
  • Բնական թվերի համեմատումը:
  • Բնական թվի կլորացումը մինչև նշված թվային կարգը:
  • Թվագրության հին հայկական և հռոմեական համակարգեր:
  • Պատկերների համընկնելը:
  • Պարզ պատկերները երկու հավասար մասի բաժանելը:
  • Համաչափություն ուղղի և կետի նկատմամբ:
  • Շրջան: Շրջանագիծ: Բեկյալ: Բեկյալի երկարության հաշվում: Պարագիծ: Ծանոթ բազմանկյունների պարագծերի հաշվում: Մակերես:
  • Թվաբանական գործողությունները բազմանիշ թվերի հետ: Բազմանիշ թվերի գումարումը և հանումը: Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով: Գումարման և հանման գործողությունների հատկությունները: Եռանիշ և քառանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով: Բազմապատկում 10-ով, 100-ով, 1000-ով (10.n) և բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի(10.n):
  • Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:
  • Երկարության միավորների միջև կապերը: Զանգվածի միավորների միջև եղած կապերը:
  • Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով:
  • Բազմապատկման գրառումը սյունակով:
  • Բազմանիշ թվի բաժանումը միանիշ թվի վրա:
  • Բաժանման գրառումը :
  • Բազմապատկման, բաժանման գործողությունների հատկությունները: Բազմապատկումը երկնիշ թվով: Ապրանքի գին-քանակություն-արժեք փոխկապակցվածությունը: Բազմապատկումը եռանիշ թվով: Բազմապատկման և բաժանման գործողությունների արդյունքների և դրանց բաղադրիչների անվանումները:
  • Զույգ և կենտ թվեր.զույգ թվի կեսը գտնելը, թվի բազմապատիկ:

Անգլերեն 1-3-րդ դասարան

Կրտսեր դպրոցում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

3-րդ դասարանում ուսուցանվող նախագծերն են.

Հաղորդակցական նախագիծ(եր)

Նախագիծ. «Իմ օրը»

Նախագիծ.«Մեր բնակարանը»

Նախագիծ՝ “My Dream House”-Իմ երազանքների տունը

Four Seasons” ներկայացում

Traditional English Afternoon Tea. Ավանդական Անգլիական ցերեկային թեյախմություն

Նախագիծ՝ Things around us. Մեզ շրջապատող առարկաները

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր

Ամանոր(A letter to Santa)

Թումանյանական օրեր

Ձոն կնոջը(Mother’s Day)

Happy Easter

Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ

Ուսուցանվող թեմաներն են.

Իմ ընտանիքը(My family) և իմ ընկերը(My friend)

Մասնագիտություններ(Occupations)

Թվեր 1-100(Numbers 1-100)

Ժամը քանի՞սն է(What time is it?)

Իմ սենյակը, բնակարանը(My room, my flat)

Իմ օրը(My day)

Ուտելիք(Food)

Տարվա եղանակաները(Seasons of the year)

Շաբաթվա օրերը(Days of the week)

Իմ դպրոցը(My school)

Ուսումնական գործունեության մեջ բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 3-րդ դասարանի համար

Ապրեսյան III կամ Վերեշչագինա II,

Round up (starter), 

բլոգից ուսումնական նյութեր

Ռուսերեն 1-3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողի և ուսուցչի խոսքի գրեթե 80% պետք է հնչի ուսուցանվող օտար լեզվով:
  2. Զարգացնել գրելու հմտությունները: Սովորողները պետք է կարողանան առօրյա թեմաների շուրջ փոքրիկ տեքստերով տալ իրենց կարծիքը, արտահայտել իմացած տեղեկությունները:
  3. Ընդլայնել բառապաշարը, որը պետք է լինի իրենց ուսուցանվող թեմաների շրջանակներում
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարդում և հասկանում են իրենց տարիքի համար նախատեսված գրականությունը, լսում և կատարում են ուսուցչի հրահանգները, լսում, հասկանում և պատասխանում է ուսուցչի հարցերին:
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

Ես և շրջակա աշխարհը

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ:

Ֆիզկուլտուրա    

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական
նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի
կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *