Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 22
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 2
Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 25
Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 29
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Վերապատրաստման ձևը՝ առկա

Դասընթացը մանրամասն տեսե՛ք վերապատրստող Վարդան Կարապետյան-ի բլոգում։

29․08․2022, 1 պարապմունք
Թեմա 1․ Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում

Առաջադրանք 1

Ըստ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի 5-րդ գլխի 19-րդ հոդվածի՝

Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝

  • սովորողը
  • սովորողի ծնողը
  • ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
  •  վարչական աշխատողները
  • խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։

-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

Օրենսգրքի 5-րդ գլխի 20-րդ հոդվածի համապատասխան, կրթահամալիրում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Սովորողներն սահմանված կարգով ընդունվում են դպրոց,  ծնողը  ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով կնքում ուսումնառության պայմանագիր. ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։ Կրթահամալիրում սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։ Սովորողները ստանում են հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն, իրենց և ծնողի ընտրությամբ օգտվում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերից, անվճար օգտվում են ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից, մասնակցում են ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներին, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների, շահագործման չեն ենթարկվում: Կրթահամալիրում տիրում է սիրո, համերաշխության, փոխօգնության մթնոլորտ:

Կրթահամալիրի  սովորողները, նրանց օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում ներքին կարգապահական կանոններով, ուսումնառության պայմանագրով որոշված իրենց պարտականությունների կատարման համար:

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ

Կրթահամալիրում գործում են հետևյալ կարգերը՝

 

Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/

 Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.
2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.
5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

Կրթահամալիրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ հեղինակայաին կրթական ծրագրեր են իրականացվում: Այդ ծրագրերի հեղինակն ու իրագործողն ուսուցիչն է: Նա օրենքի, պետական չափորոշչի և կրթահամալիրի կանոնադրության սահմաններում ազատ, անկաշկանդ ստեղծագործելու, իր գաղափարները փորձարկելու, մշակելու հնարավորություն ունի: Կրթահամալիրում՝ կրտսեր դպրոցներում՝ 1-3-րդ դասարաններում իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրը: Ծրագիրը ղեկավարում է դասվարը:
«Իմացումի հրճվանք» ծրագրի ղեկավարը ինքն է կազմում  դասարանի գործունեության «Իմացումի հրճվանք» ծրագիրը:
Դասվարը մասնակցում է դասվարների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, Բլեյան բաց ցանցի, հանրապետության այլ դպրոցներում աշխատող դասվարների վերապատրաստումների կազմակերպմանը: Համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով:
Դասվարը ստեղծում է ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար:
Դասվարը կազմակերպում է  սովորողների ամենօրյա՝ ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքները:
Ուսումնական տարվա ընթացքում հրատարակում է իր մեթոդական մշակումները (հոդված) իր բլոգում, կրթահամալիրի «Դպիր», «Պարտեզ» կամ այլ ամսագրում, մասնակցում է  կրթահամալիրյան ստուգատեսներին:
Պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սովորողի անվատանգության, հիգիենիկ միջավայրի համար:
Պատասխանատու է սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման համար: Մասնակցում է ընթացիկ ուստարվա ուսումնական փաթեթի ստեղծման աշխատանքներին։
Դասվարը սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նրան մասնակից է դարձնում կրթահամալիրում իրականցվող նախագծերի  կազմակերպմանն ու իրականացմանը, սովորողի գործունեության  արդյունքների  մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ էլեկտրոնային փոստի միջոցով, դասավանդողի բլոգի միջոցով տեղեկացնում, թե ինչպես է կազմակերպվում իրենց երեխայի ուսումնական գործընթացը:
Դասվարը սովորողների հետ իրականացնում է ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան, ճամփորդում է սովորողների և դասավանդողնրի հետ: Կազմակերպում է ուսումնական ճամբարներ: Դասվարը նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված բոլոր ուսումնական նյութերը հրապարակում է բլոգում։

-Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/

Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.
2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Կրթահամալիրում ծնողի իրավունքներն ու պարտականություններն են

Հատկապես կրտսեր դպրոցներում ծնողներն ակտիվորեն ներառված են կրթության գործընթացում, մշտական կապի մեջ են: Ամեն օր էլեկտրոնային փոստով, դասավանդողի բլոգի միջոցով տեղեկացված են, թե ինչպես է կազմակերպվում իրենց երեխայի ուսումնական գործընթացը: Ծնողը դասվարին տեղեկացնում է սանի ուշացման, բացակայության, դրանց պատճառների մասին, տեղյակ է պահում սանի ֆիզիկական, ֆիզիոլոգիական, առողջական, հոգեբանական խնդիրների մասին (եթե այդպիսիք կան), տեղեկացվում է իր երեխայի զարգացման ընթացքի, ծագած խնդիրների մասին։ Ծնողը ցանկացած պարապմունքի, ճամփորդության կարող է մասնակցել, իր մասնագիտության շրջանակում սովորողների հետ վարպետության դասեր  վարել, օգնել ուսուցչին:

 

30․08․2022, 2 պարապմունք

Թեմա 2․ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները

Ըստ Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»-ի, ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ։ Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։

Ուսուցչի վերապատրաստումը

Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

Ուսուցչի հերթական ատեստավորումը

Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի։

Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։

Ուսուցչի կամավոր ատեստավորումը

Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:

Ուսուցչի տարակարգի շնորհումը

Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։

Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

Ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում տվյալ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում։

Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:

Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

35. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։

Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։

Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։

Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:

Ծանոթացա տարակարգի շնորհման նոր մեխանիզմին։ Ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Ինչ որ առումով  լավ է, որ գիտելիքների ստուգմամբ փորձ է արվում, բայց մյուս կողմից՝ դա արվում է թերի ձևով․ գնահատվում են ուսուցչի առարկայական գիտելիքները, իսկ մեթոդական մասը ոչ մի թեստով չեն չափում, չեն գնահատում ուսուցրի կատարած մեթոդական մշակումները։ Հուսով եմ, որ ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը կնպաստի ուսուցչի մասնագիտական աճին և ամենակարևորն ուսուցչի աշխատավարձի բարձրացմանը, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական գրավչության բարձրացման գործում:

 

31․08․2022, 3 պարապմունք
Թեմա 3․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում

1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

2. Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի և դրույթների համաձայն:

3. Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:

4. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:

5. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կրթությունն իրականացվում է «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով, որը կազմված է հանրակրթական պետական չափորոշչի պարտադիր պահանջներին համապատասխան:

«Իմացումի հրճվանք» ծրագրի ղեկավարը դասվարն է:

  • Դպրոց սահմանված կարգով ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում ուսումնառության պայմանագիր. ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
  • Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  • Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
  • Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  • Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։
  • Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։
  • Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
  • Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական գործիքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  • Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով։
  • Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։
  • Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:
  • Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  • «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի նախագծեր:
  • Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են: 19. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:
  • Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
  • Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  • «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» ուսումնական նախագծերից:
  • «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, ծեսեր, դասարանական երգչախումբ։
  • «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
  •  Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:
  • Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
  • Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։
  • Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի, ֆուտբոլի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ճամբարը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
  • Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ: 30. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
  • Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
  • Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

եպտեմբերի 1․ պարապմունք 4
Թեմա 4․ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները

  • ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը
  • Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
    Առաջադրանք․
    Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն  որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
    ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն

Ծանոթացա ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն  որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝ հանրակրթական ոսումնական հաստատությսն ուսուցչի կողմից օրենքով սահմանված գործառույթներին։

 

Սեպտեմբերի 2․ պարապմունք 5

  • «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» բաղադրիչի ամփոփում-գնահատում․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *